ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Արամ Միսակի Սուքիասյանը ծնվել է 1976թ. փետրվարի 27-ին, Երևանում:

 

1993-98թթ սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի բաժնում, 2002-05թթ` ՀՀ Կառավարման պետական ակադեմիայում` պետական ծառայող, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտությամբ:

 

1998-2000թթ աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 2000-02թթ` «Խ.Աբրահամյան և թատրոն» հիմնադրամում` ռեժիսորի ասիստենտ:

 

2001-2002թթ եղել է Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի մշակութային ծրագրերի ղեկավարը, 2003-05թթ` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոխտնօրենը, 2007-09թթ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը, 2009-11թթ` Հանրային հեռուստատեսության «Արարատ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը: 2011-2018թթ աշխատել է Երևանի քաղաքապետարանում` որպես քաղաքապետի խորհրդական ապա տեղակալ մշակույթի, կրթության, սպորտի ոլորտների համակարգող:

 

1998թ-ից բեմադրել է մի շարք ներկայացումներ թատրոնում և հեռուստատեսությամբ, հանդիսացել է բազմթիվ պետական, ազգային միջոցառումների և նախագծերի սցենարի հեղինակ ու բեմադրող ռեժիսոր, նկարահանել մի շարք ֆիլմ-էսսեներ։ Հեղինակ է երկու ռոք-օպերաների:

 

2004թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2006թ.` մեդալի, 2010թ.` «Ոսկե Պրահա» միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի մրցանակի, 2012թ.` Մարդկության համաշխարհային բարեգործական հիմնադրամի գեներալ Մադաթովի անվան մրցանակի և Հոլիվուդի «Արփա» կինոմրցանակաբաշխության մրցանակի` լավագույն կինոսցենարի համար, 2012թ.՝ ՀՀ մշակույթի, ՀՀ ԿԳՆ նախարարության ոսկե, 2015թ՝ Մովսես Խորենացի, 2016թ.՝ Մխիթար Գոշ մեդալների:

 

2012թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:

 

2019թ. - ԵԹԿՊԻ դոցենտ:

 

2021 թ. ապրիլի 26-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի N 440 - Ա որոշմամբ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։