Հանրային հեռարձակողի խորհրդի արձագանքը Գևորգ Մելիքյանի ֆեյսբուքյան գրառմանը

 Հանրային հեռարձակողի խորհրդի արձագանքը Գևորգ Մելիքյանի ֆեյսբուքյան գրառմանը

2024 թ․հունիսին Հանրային հեռարձակողի խորհրդի առաջարկությամբ «Ստատուս քվո» հաղորդաշարը չի ընդգրկվել Հանրային ռադիոյի Առաջին ծրագրի հաղորդացանցում։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի՝ Խորհրդի իրավասություններին վերաբերող 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Խորհուրդը տնօրենների ներկայացմամբ հաստատում է լսողական ծրագրերի հաղորդացանցը։

Այս որոշման հիմք են հանդիսացել հաղորդաշարի հեղինակ և վարող, քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հաղորդումների ընթացքում տեղ գտած լրագրողական էթիկայի բազմաթիվ խախտումները։ Դրանց վերաբերյալ ստացվել են բացատրություններ և մասնագիտական եզրակացություններ։

Մասնավորապես, Հանրային ռադիոյի Խմբագրական փորձագիտական խորհուրդը, որը կազմված է փորձառու, վաստակաշատ խմբագիրներից, և արտահայտում է գործընկերային մասնագիտական կարծիքը, ամեն շաբաթ արձանագրում է եթեր հեռարձակված հաղորդումների գնահատականը։ Ինքը՝ Գևորգ Մելիքյանը, հիմնականում ընդունել է գործընկերների դիտողությունը։

Մեջբերենք երկու հատված այդ արձանագրություններից.

  1. «Ստատուս քվո» հաղորդման ապրիլի 16-ի եթերում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ քննարկվում էր Հայաստանի իշխանության՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք կողմնորոշման խնդիրը։ Հաղորդավարը, շարունակ ընդհատելով զրուցակցին, գրեթե պարտադրում էր իր պատկերացումները՝ հնարավորություն չտալով հյուրին սպառիչ ներկայացնել իր կարծիքը։ Աշխատանքի այս ոճի մասին խոսվել է նաև նախկինում, բայց խնդիրը կրկնվում է։ Բացի այդ, հաղորդաշարի  մարտի 26-ի  հաղորդման շուրջ տարաձայնությունները դեռ չհարթվածայստեղ էլ Հանրային հեռուստատեսությունը կրկին հիշատակելը, կարծում ենք, անհարկի էր, այն էլ հենց շարքի հեղինակի կողմից։ Առավել ևս, որ այդ հիշատակումը ասելիքը հաստատող կամ լրացնող  պարտադիր փաստարկ չէր»։  (Հանրային ռադիոյի Խմբագրական փորձագիտական խորհրդի 22․04․2024 թ․արձանագրությունից հատված)
  2. Մայիսի 2-ին «Ստատուս քվոյի» հյուրը  քաղաքագետ Արմեն Վարդանյանն էր, որի հետ քննարկվում էին երկրի ներքին զարգացումները և թե ինչ հանգրվանի ենք հասել։ Սկսած հաղորդման  մոտավորապես 12-րդ րոպեից, երբ բանախոսը փորձում էր  բացատրել կամ  ինչ-որ չափով  արդարացնել  իշխանության ինչ-ինչ քայլեր, չկար մի տեսակետ, որին չառարկեր շարքը վարողը։ Ընդ որում, խոսում էր հյուրին հավասար։                    Քանիցս գրել ենք, որ ՀՌ-ն / նաև «Ստատուս քվոն»/  բազմակարծության, ազատ խոսքի հարթակ է։ Դա առաջին հերթին հյուրերին է վերաբերում և  չի նշանակում, որ  շարքերի հեղինակները իրավասու են նախաձեռնությունն այնքան վերցնել իրենց ձեռքըոր իրենց կարծիքը դառնա գերիշխող ու պարտադրվող, որ հյուրին հնարավորություն չտան  իրենց ասելիքն ամբողջացնելու։ Սա վերաբերում է վերջին շրջանում «Ստատուս քվոյի» հաղորդումներից շատերին։ Այն կարծիքին ենք, որ շարքը համակարգող խմբագիրը  հեղինակի հետ պետք է հատուկ զրույց ունենա՝ հիշեցնելով ՀՌ-ի եթերային քաղաքականության և մեր՝ ավելի վաղ ունեցած պայմանավորվածության մասին։ Իսկ պայմանավորվածությունն այն է, որ հեղինակը պետք է զրույցը կառուցի  կարճ ձևակերպած հարցերով, միջամտությունները կարճ, չպարտադրվող  դիտարկումների ձևով  լինեն, եթերաժամանակի հիմնական մասը պետք է տրամադրվի հյուրի  խոսքին։»։  (Հանրային ռադիոյի Խմբագրական փորձագիտական խորհրդի 6․05․2024 թ․արձանագրությունից հատված)

Տարիներ շարունակ, Գևորգ Մելիքյանը զգուշացվել է էթիկայի տեսակետից անընդունելի գործելաոճի մասին, սակայն հետևություններ չի արել նույնիսկ այն բանից հետո, երբ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի 10.03.2023 թ․N Ռ/23-01-20 որոշումով «Ստատուս քվո» հաղորդաշարի արտադրությունն ու հեռարձակումը դադարեցվել է մեկ ամիս ժամկետով։

Ավելացնենք նաև, որ Գևորգ Մելիքյանը դիմել է Հանրային ռադիոընկերությանը՝ նոր հաղորդաշար պատրաստելու ցանկությամբ, որը նախատեսում է վարել Ստյոպա Սաֆարյանի հետ համատեղ։

Մեր պատկերացմամբ, նոր հաղորդաշար սկսելու որոշումը Խորհրդին պետք է ներկայացնի Հանրային ռադիոյի արդեն նորանշանակ տնօրենը։

 

Հանրային հեռարձակողի խորհուրդ

30․07․2024 թ․