ԿԱՅԱՑԱՎ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԸ (en)

Մարտի 19-ին տեսախորհրդակցության կապի միջոցով կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների պետական և հանրային հեռուստառադիոկազմակերպությունների ղեկավարների Խորհրդի և Միջպետական տեղեկատվական ժողովի Վարչական խորհրդի համատեղ նիստը։ Հայաստանի Հանրապետության անունից նիստին մասնակցեց և ելույթ ունեցավ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Համատեղ նիստին մասնակցեցին ներկայացուցիչներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունից և ԱՊՀ Գործադիր կոմիտեից։ Նիստին որպես պատվավոր հյուրեր մասնակցեցին նաև Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։

Ըստ նիստի օրակարգի՝ մասնակցները քննարկեցին հեռուստառադիոհեռարձակման ոլորտում տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև ԱՊՀ շրջանակներում պետությունների միջև համագործակցության տեղեկատվական աջակցության ընդլայնման հեռանկարներին։

Խորհրդի անդամները քննարկեցին նաև Ճարտարապետության և քաղաքաշինության տարվան նվիրված միջոցառումներին տեղեկատվական աջակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձան ԱՊՀ–ում Բելառուսի Հանրապետության նախագահությանը։

Խորհրդի անդամները հույս հայտնեցին, որ հաջորդ նիստը կկայանա 2022 թվականին` կենդանի հանդիպման ձևաչափով, որն առաջարկվել է կազմակերպել Ղազախստանում։