ՀՀ վարչապետի որոշմամբ Իրինա Շախնազարյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ (en)

Ղեկավարվելով  «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետը ստորագրել է որոշում, որով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի մրցույթում հաղթող ճանաչված Իրինա Շախնազարյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։

Ավելի վաղ՝ օգոստոսի 16-ին կայացած նիստում Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքում Իրինա Շախնազարյանն ընտրվել էր խորհրդի անդամ, և ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ հաղթող մասնակցի մասին որոշումը ներկայացվել էր վարչապետի հաստատմանը։ 

Իրինա Շախնազարյանի համառոտ կենսագրությունը ներկայացնում ենք ստորև. 

Իրինա Ալեքսանդրի Շախնազարյանը ծնվել է 1991 թվականին Երևանում: 2012ին ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի պատմության և տեսության ամբիոնի բակալավրական ծրագիրը։ 2014-ին նույն հաստատությունում պաշտպանել է «Ռեալիստական արվեստի խնդիրները 1920-ական թվականների առաջին կեսի պարբերական մամուլում» մագիստրոսական ատենախոսությունը։ 2020-ին ընդունվել է Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական բաժնի ասպիրանտուրա։ 2014-ից աշխատում է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում՝ որպես հետազոտող: 2022-ին ընտրվել է Ինստիտուտի Խորհրդի անդամ: 2020 թվականից Հովհաննիսյան ինստիտուտի Մշակույթ և արդիականացում բազմագիտակարգ հետազոտական ծրագրի հետազոտող է: 2019-2020-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում վարել է «Աշխարհայացքների պատմություն. մոդեռնիզմ և պոստմոդեռնիզմ», 2020-ից առ այսօր՝ «Ստեղծագործության վերլուծություն», «Նոր և խորհրդային շրջանի հայ արվեստի պատմություն» դասընթացները: Մասնագիտական հետաքրքրությունները ներառում են արվեստի և քաղաքականության, ավանգարդի և ռեալիզմի փոխհարաբերությունները, ինչպես նաև կանանց խնդիրները, քաղաքականության ու կենցաղի առնչակցությունները։