Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը շուրջ 33 միլիոն դիտում է գրանցել (en)

Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) տվյալներով՝ դեկտեմբերի 11-ին Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել։

Ըստ ԵՀՄ–ի՝ բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է Հայաստանի հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված մրցույթը, ընդ որում, մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է արձանագրել:

4-ից 14 տարեկան երեխաները հեռուտադիտողի 18,5%-ն են կազմել, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարիների միջին ցուցանիշը: Կրկնապատվել են նաև 15-24 տարեկան հեռուստադիտողների դիտումները:

Մրցույթի առցանց դիտումները ևս գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ուղիղ հեռարձակումը 2021 թվականի համեմատ 4 անգամ ավելի շատ մարդ է դիտել: Հարկ է նշել, որ «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը հեռուստատեսային վարկանիշով աննախադեպ է նաև Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ:

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը կայացավ դեկտեմբերի 11-ին Երևանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթում հաղթող ճանաչվեց Ֆրանսիան ներկայացնող Լիսանդրոն, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։