Հանրային հեռուստաընկերությունում արցախյան պատերազմում զոհված աշխատակիցներին նվիրված թանգարանային անկյուն բացվեց (en)

Նոյեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության հիմնադրման 64-ամյակի առթիվ տեղի ունեցած միջոցառման ընթացքում հեռուստաընկերության՝ արցախյան պատերազմին մասնակցած 18 և պատերազմը լուսաբանած 44 աշխատակիցներ շնորհակալագրեր ստացան ։

Միջոցառման ընթացքում բացվեց թանգարանային անկյուն, որտեղ տեղադրված են հուշատախտակներ՝ նվիրված հեռուստաընկերության աշխատակիցներ Արտյոմ Քոլանջյանին և Պողոս Հակոբյանին, որոնք անձնվիրաբար զոհվել են հայրինիքի պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ցուցադրված են Հանրայինի նկարահանող թիմի՝ Արցախից բերած արկերի և հրթիռների բեկորներ, «Լուրերի» մեքենայի՝ պայթյունից վնասված անիվը։

 «Նրանք զոհվեցին մեր ազգային արժանապատվության համար, կռվեցին մինչև վերջ, որ հայ ժողովուրդն իրեն պարտված չհամարի, տվեցին իրենց կյանքը, որպեսզի մենք ապրենք հպարտ։ Մենք պարտական ենք նրանց մեր արժանապատվությամբ, մեր հավատով, որ կդիմակայենք փորձություններին, և մեր հույսով, որ դեռ հաղթելու ենք՝ մեր զավակների համար ապագա ստեղծելով»,– նշեց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Միջոցառմանը ներկա էին նաև հերոսների հարազատները․նրանք Հանրայինին նվիրաբերեցին Արտյոմի և Պողոսի անձնական իրերից, որոնք կցուցադրվեն թանգարանային անկյունում։