Արա Շիրինյանը մասնակցեց ԵԱՀԿ փորձագետների վեցերորդ հանդիպմանը (en)

Հունիսի 20-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը մասնակցեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից կազմակերպված փորձագետների վեցերորդ հանդիպմանը, որը նվիրված էր ապատեղեկատվության դեմ պայքարում հանրային լրատվամիջոցների դերին: Նախքան պանելային քննարկումը բացման խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն։
 
Քննարկման ժամանակ իր ելույթում Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն անդրադարձավ ՔՈՎԻԴ-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին հաջորդած ապատեղեկատվական արշավների արդյունքում Հանրային հեռուստաընկերության հանդիպած մարտահրավերներին։ Խորհրդի նախագահը ներկայացրեց, թե ինչպես է Հանրային հեռուստաընկերությունը հաղթահարել այս մարտահրավերները՝ հավատարիմ մնալով հանրային հեռարձակողին ժողովրդավարական երկրներում տրված դերին ու նպատակին։ Արա Շիրինյանը խոսեց նաև ժողովրդավարության մասին հանրային ընկալումների վրա ապատեղեկատվության ազդեցության մասին, և թե ինչպես է հանրային հեռարձակողն աջակցում ժողովրդավարությանն ու հանրային համերաշխությանը։
 
Պանելային քննարկման խոսնակների թվում էին նաև Հելսինկիի համալսարանի դոցենտ Միննա Ասլամա Հորովիցը, Եվրոպական հեռարձակողների միթության միջազգային կապերի ղեկավար Նիկոլա Ֆրանկը, Բելգիայի հանրային հեռարձակողի գլխավոր խմբագիր Լյուկ վան Բակելը, Հունգարիայի՝ Կենտրոնական Եվրոպական համալսարանից Մարիուս Դրագոմիրը։