«Ռադիոհաղորդում Կոմիտաս 150․ հետգրություն» համերգն ամփոփեց Հանրային ռադիոյի՝ Կոմիտասի 150-ամյակին նվիրված նախագիծը (ru)

Հունվարի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հանրային ռադիոյի՝ «Ռադիոհաղորդում Կոմիտաս 150․ հետգրություն» նոր ձևաչափով համերգը։ Համերգ-ռադիոհաղորդման ընթացքում Հանրային ռադիոյի ուղիղ եթերով հետևող ռադիոլսողներն ու դահլիճում ներկա հանդիսատեսն ունկնդրեցին Կոմիտասի երաժշտությունն՝ ակադեմիական տարբերակներից մինչև ժամանակակից մշակումներ։

Համերգն ամփոփում էր Հանրային ռադիոյի՝ 2019 թվականի հոկտեմբերին Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Կոմիտաս․ 150 տարի/րոպե» եռասկավառակ ալբոմի նախագիծը։ Սահմանափակ տպաքանակով թողարկված ձայնասկավառակներում, որոնք վաճառքի ենթակա չեն, 150 րոպե տևողությամբ 53 կատարումներ են՝ տարբեր համույթների և կատարողների մեկնաբանությամբ։ Կատարումները ձայնագրվել և մշակվել են Հանրային ռադիոյի ստուդիայում, իսկ ձայնասկավառակների օրինակները՝ տրամադրվել  են երաժշտական գրադարաններին, կրթօջախներին և ձայնադարաններին։