Նվիրյալների ճեմուղին համալրվեց նոր պատվո քարերով (ru)

Հոկտեմբերի 9-ին Ռադիոտան փողոցի Նվիրյալների ճեմուղին համալրվեց հայկական հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում նշանակալից ավանդ ունեցող մարդկանց ևս 2 անվանական պատվո քարերով՝ հեռուստաֆիլմերի ռեժիսոր Վիլեն Զաքարյանի և ռադիոհաղորդավար Քարիմ Չոլոյանի անուններով։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանն իր ելույթում նշեց, որ «այս մարդկանց անուններով գրվել է հայկական հեռուստատեսության և ռադիոյի պատմությունը։ Իսկ այդ պատմությունը հպարտանալու առիթ է տալիս, նոր լիցքեր է հաղորդում և պարտավորեցնում է այսօրվա սերնդին շարունակել այն հարուստ ավանդույթները, որ ժառանգել ենք մեր մեծերից»։

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն իր խոսքում ասաց․ «Քարիմ Չոլոյանի ձայնը մի ամբողջ կես դար եղել է քուրդ ժողովրդի ձայնը։ Երևանի ռադիոյի տաղավարից նա խոսում էր ոչ միայն տասնյակ միլիոնավոր իր հայրենակիցների համար, այլև՝ նրանց անունից։ Քարիմ Չոլոյանի ներդրումը հայ և քուրդ ժողովուրդների բարեկամական երկխոսության հաստատման գործում անգերագնահատելի է։»

Ստորև ներկայցնում ենք 2019 թվականին պատվո տուրքի արժանացած Վիլեն Զաքարյանի և Քարիմ Չոլոյանի համառոտ կենսագրականները։

 

ՎԻԼԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Վիլեն Զաքարյանը հայկական հեռուստատեսության առաջին սերնդի ռեժիսորներից է, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի հիմնադիրներից մեկը։ Բացառիկ է նրա դերը հեռուստատեսային արտահատչամիջոցների հայտնաբերման ու զարգացման գործում։ Ինքնատիպ ձեռագրով տարբերվող նրա ֆիլմերը հարստացրել են հայկական հեռուստատեսային կինոն և ցուցադրվել նաև Խորհրդային Միության կենտրոնական ալիքներով։ Վիլեն Զաքարյանը նկարահանել է շուրջ 30 գեղարվեստական և վավերագրական ֆիլմ՝ «Շիրակի մեղեդիներ» (1965թ.), «Հույսի խրճիթը» (1971թ.), «Ճարտարապետներ» (1976թ.), «Խոնարհվիր վաղվա օրվան» (1977թ.), «Մասնավոր դեպք» (1983թ.), «Դավիթ Թուխմանով» (1987թ.), «Արմեն Ջիգարխանյան» (1989թ.), «Խաղաղություն մեր տանը» (2001թ.)։  Իսկ 1966-ին նկարահանած «Վերջին նետումը» ֆիլմը Հայրենական մեծ պատերազմի մասին բերեց միանգամայն նոր կինոլեզու և այնքան տպավորիչ էր, որ այսօր էլ հիշվում է հետխորհրդային երկրների հեռուստադիտողների ավագ սերնդի շրջանում։

Վիլեն Զաքարյանը Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միության անդամ է: Արժանացել է մի շարք մրցանակների, իսկ 1974թ-ին` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2013 թ-ին վաստակաշատ ռեժիսորն արվեստագետի մեծ փորձառությունն ամփոփել է իր «Հայրենիքի հետ... նրանից հեռու... անցած տարիներ»  հուշերի գրքում: Վիլեն Զաքարյանն այժմ բնակվում է Մոսկվայում:

 

ՔԱՐԻՄ ՉՈԼՈՅԱՆ

 

Ռադիոհաղորդավար Քարիմ Չոլոյանը տասնամյակներ շարունակ սպասված հյուր է եղել աշխարհասփյուռ քուրդ ժողովրդի համար: 1961 թ-ից որպես հաղորդավար աշխատել է Հանրային ռադիոյի՝ արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների քրդերեն բաժնում, այնուհետև շարունակել աշխատանքը թղթակցի, ապա՝ խմբագրի կարգավիճակով։ 1991-ից մինչև 2016 թ. ղեկավարել է բաժինը, հեղինակել և վարել է բազմաթիվ հաղորդումներ, մասնավորապես՝ «Մշակութային օրագիր», «Քո մայրենի լեզուն», «Փնտրում են հարազատներին», «Գրական հինգշաբթի», «Կարծիք», «Երաժշտական փոստարկղ»: Քարիմ Չոլոյանը մասնակցել է նաև 40-ից ավելի քրդերեն ռադիոբեմադրությունների ստեղծմանը, որոնք այսօր պահպանվում են Հանրային ռադիոյի արխիվում:

Քարիմ Չոլոյանն այսօր  էլ լայն ճանաչում ու հարգանք է վայելում Թուրքիայի, Սիրայի, Իրանի և Իրաքի քրդերի շրջանում: Նրա վաստակը նշանակալի է նաև նրանով, որ Հայկական ռադիոյի քրդերեն հաղորդումները հընթացս ավելի ճանաչելի են դարձրել Հայաստանն արտասահմանյան քրդերի համար: Այդ են վկայում մեր երկիր այցելող քրդական պատվիրակությունների երախտագիտության խոսքերն այն մասին, որ Թուրքիայում ապրող քրդերն իրենց լեզուն պահպանել են հենց Երևանի՛ց հնչող քրդերեն ռադիոհաղորդումների շնորհիվ: Քարիմ Չոլոյանն իր ոգեշունչ ձայնով վաղուց դարձել է արտասահմանում ապրող քուրդ ժողովրդի պայքարի խորհրդանիշը հանուն ազգային ինքնության պահպանման։ Քարիմ Չոլոյանը այժմ էլ բնակվում է Երևանում։