Հուշաքարերի բացում Նվիրյալների ճեմուղում (ru)

Նոյեմբերի 15-ին Հանրային ռադիոյի Նվիրյալների ճեմուղում բացվեցին հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Արամ Սաթունցի և հայ երգահան, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հուշաքարերը։

«Արամ Սաթունցի կենսագրությունը կապված է ռադիոյի հետ․ 25 տարի Արամ Սաթունցն աշխատել է Հանրային ռադիոյում որպես երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր և այնուհետև նաև երաժշտական ձևավորման բաժնի ղեկավար, հեղինակ է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների, կինոյի, թատրոնի համար գրված երաժշտության, նաև մանկական երգերի ժողովածուի։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է, թերևս, այս պահին հնչող «Սիրո վալս»–ը, որը 25 տարի ամեն օր հայկական հեռուստատեսության ծրագրի ավարտին լսել է մի քանի սերունդ», – իր ելույթում ասաց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Անդրադառնալով Արթուր Գրիգորյանի՝ հայկական երաշժտության և հեռուստատեսության ոլորտում ունեցած ավանդին, Արա Շիրինյանը նշեց․«Նա 2001-2009 թ․թ․ եղել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, բայց մինչ այս, ավարտելով Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի էստրադային ռեժիսուրայի բաժինը՝ վերադարձավ Հայաստան և կայացավ որպես տաղանդավոր կոմպոզիտոր, հրաշալի պրոդյուսեր, մեծ երաժշտական նախագծերի հեղինակ, 1994 թ․ հիմնադրեց Երգի պետական թատրոնը, որտեղ կրթեց էստրադային երգիչների մի քանի սերունդ, նախաձեռնեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում էստրադային բաժնի հիմնադրումը և բացումը։ Արթուր Գրիգորյանի երգերը հնչել են Հայաստանի և Արցախի բեմերում, հայկական կինոյում, հեռուստատեսության և ռադիոյի ամենահայտնի հաղորդումներում, ամենանշանակալից օրերին, ամենահանդիսավոր առիթներով, ուրախ և տխուր պահերին, և համոզված եմ, որ Արթուր Գրիգորյանի շնորհիվ մեր սերունդն ունեցավ նաև իր երգերը։ Եթե չլիներ Արթուրը, մենք սիրելու էինք օտար երգեր, բայց նրա շնորհիվ մենք ունենք մեր հայկական երաժշտությունը մեր սրտում»։

«Ես ուրախ եմ, որ այսօր, տեղադրելով պատվո քարերը, մենք հնարավորություն ունենք մեծարելու մեր արվեստագետներին և կարծում եմ՝ նրանց լուռ ներկայությունն այս տարածքում ոգեշնչման առիթ կլինի այսօրվա հեռուստատեսային սերնդի համար», – իր ելույթն ամփոփեց  Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

«Լայն զանգվածների համար մաեստրո Սաթունցը իհարկե նախևառաջ  երաժիշտ է, բայց վստահեցնում եմ, որ այն ինչով նա ռադիոյի շենքում էր զբաղվում, պակաս ծանրակշիռ և պակաս կարևոր չէր, քան բուն երաժշտություն գրելը։ Կա մի գործողություն, որ ռադիոյի և հեռուստատեսության մարդիկ անում են գրեթե ամեն օր․խոսքը շերտային մոնտաժ մասին է, երբ հաղորդավարի կամ դերասանի ձայնին զուգահեռ դուք լսում եք երաժշտություն, բնության ձայներ, հնչյունային այլ տարրեր։ Մեր երիտասարդ գործընկերները և երիտասարդ ռադիոունկնդիրները, կարծում եմ, դժվարությամբ կպատկերացնեն, որ կար ժամանակ, երբ այդպես չէր, այսինքն՝ հնչում էր կամ մարդու ձայն, կամ երաժշտություն, բայց ոչ երբեք միասին»,– իր խոսքում նշեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը։ Նա ներկաներին խորհուրդ տվեց լսել Հանրային ռադիոյի արխիվի նյութերը՝ սկսած 1950–ականներից, և հասնել այն մոգական պահին, երբ գործի է անցել մաեստրո Սաթունցը։

«Մաեստրո Սաթունցը մի ամբողջ ռադիո մասնագիտության հիմնադիր է, հիմա դրան սաունդ դիզայն են անվանում, և ինձ համար շատ կարևոր է, որ բոլոր մարդիկ, ովքեր զբաղվում են ձայնով, երբեք չմոռանան, որ իրենց մասնագիտության հիմնադիրը եղել է լրջագույն մի կոմպոզիտոր», – ամփոփեց Գարեգին Խումարյանը։

Ելույթով հանդես եկան նաև Արամ Սաթունցի որդին՝ կոմպոզիտոր Արամ Սաթյանը և  Արթուր Գրիգորյանի դուստր Մանե Գրիգորյանը։   

Հուշաքարերի բացմանը ներկա էին հեռուստատեսության, ռադիոյի  և մշակույթի գործիչներ, Արամ Սաթունցի և Արթուր Գրիգորյանի մտերիմները, նրանց երաժշտության երկրպագուներ։