ՀՀՌԽ-ն անրադարձավ Հանրայինի արբանյակային հեռարձակման խնդիրներին (ru)

2019 թվականի հունիսի 4-ին Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հրավերով տեղի ունեցավ հասարակական քննարկում՝ նվիրված հանրայինի արբանյակային հեռարձակման խնդիրներին։ Հանդիպմանը մասնակցեցին «Հայաստան» Համահայկական հիմնադրամի, ՀԲԸՄ-ի, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության, RepatArmenia և «Դեպի Հայք» կազմակերպությունների, COAF-«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, «Հորիզոն» լեզուների ուսուցման կենտրոնի, Հայաստանի ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի և Վրաստանի «Ալիք-Մեդիա» հայկական կայքի ներկայացուցիչներ։

  1. Քննարկումն, ըստ էության, ուներ հանրայինի արբանյակային հեռարձակման ներկա վիճակի և Սփյուռքի հետ սերտորեն առնչվող կառույցների կարիքների գնահատման նպատակ։ Մասնակիցների կարծիքների և առաջարկների համադրմամբ արձանագրվեցին հիմնական մոտեցումները։ Արբանյակային հեռարձակմամբ Հայաստանի հանրային հեռուստատեսության հաղորդացանցը (չնչին բացառությամբ) նույնությամբ կրկնելն, ինչպես նախկինում, այժմ ևս չի արդարացնում Սփյուռքի հայ լսարանների ակնկալիքները և նոր իրավիճակում անհրաժեշտ է հաղորդել թարմ, նպատակամետ բովանդակություն։
  2. Նորություններ, կրթական, ճանաչողական, հոգևոր-մշակութային տեղեկույթ հաղորդելուց զատ՝ սփյուռքյան լսարաններին պետք է փոխանցել նաև հստակ պատգամներ, որոնք մեր հայրենակիցներին կներգրավեն և մասնակից կդարձնեն ինչպես հայաստանյան, նույնպես և համազգային կարևորագույն ձեռնարկներին՝ ի վերջո նպաստելով Հայրենիքի զարգացմանը և սփյուռքյան կազմակերպվածքի ամրապնդմանը։
  3. Կայուն, արագ, դինամիկ զարգացող երկրի դիմագիծ կերտելով՝ նպաստել հայրենադարձությանը և Հայրենիք-Սփյուռք կապերի վերաիմաստավորմանը, դրանք զգացականից տեղափոխելով ներառական-գործնական հարթություններ։ Ի հայտ բերել սփյուռքահայության փորձառությունն ու մասնագիտական իրական ներուժը և ստեղծել նորարարական գաղափարների, արդիականացման ծրագրերի փոխանակման մթնոլորտ։
  4. Արբանյակային հեռարձակումը նպատակային, հասանելի և մատչելի դարձնելու համար հաղորդացանցը (հաղորդացանցերը) կազմել՝ ըստ ժամային գոտիների և լեզուների (արևելահայերեն, արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն)։ Ամենօրյա նորությունները և որոշ այլ ծրագրեր՝ համառոտ տարբերակներով, հաղորդել վերը նշված լեզուներով։
  5. Սփյուռքի երեխաների և պատանիների համար պատրաստել բազմալեզու հաղորդումներ։ Օտար լեզուների հիմքով մշակել հայերենի ուսուցման մեթոդներ և հեռուստատեսային ձևաչափեր։ Պատրաստել հայոց պատմությունը, հոգևորմշակութային արժեքները ներկայացնող անիմացիոն, վավերագրական, խաղարկային ֆիլմեր, զվարճալի հաղորդումներ և նովելաշարեր։ Լեզվի ուսուցումը կազմակերպել ոչ թե դասավանդման իմպերատիվ մեթոդներով, այլ պարի, երգեցողության, հայրենի բնության, ազգային կենցաղի ու խոհանոցի ճանաչողության համատեքստում։
  6. Սփյուռքի տարբեր համայնքների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության ձևաչափեր՝ հնարավորություն տալով ծանոթանալու միմյանց առանձնահատուկ կացությանը, խնդիրներին, դրանց լուծման յուրահատուկ եղանակներին։ Ստեղծել սփյուռքյան խնդիրների քննարկման հարթակներ, ինչու ոչ երբեմն նաև ծանոթացնելով օտար սփյուռքերի կյանքին և կազմակերպական դրվածքին։
  7. Ձևավորել հեռուստատեսային փոխթափանցելի (interactive) հարթակներ ներգաղթը, գործարար ձեռնարկները, ներդրումները, մեկնարկային (start up) ծրագրերը խրախուսելու, դրանց իրականացման մեխանիզմները բացահայտելու և խոչընդոտները վերացնելու նպատակով։ Նման հարթակներով աջակցել նաև սոցիալական և մշակութային համատեղ ծրագրերին։
  8. Ամփոփիչ փաստաթուղթը ներկայացնել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին, կառույցների տնօրեններին, քննարկման բոլոր մասնակիցներին՝ անհրաժեշտ ճշգրտումներ, հավելումներ և գործնական առաջարկներ անելու համար։