Նոր պատվո քարեր՝ Նվիրյալների ճեմուղում

 Նոր պատվո քարեր՝ Նվիրյալների ճեմուղում

Նոյեմբերի 25-ին Ռադիոտան նվիրյալների ճեմուղում ավելացվեցին նոր պատվո քարեր՝ գունավոր հեռուստատեսության հիմնադիրներից Հովհաննես Ադամյանի և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ասմունքող Սուրեն Քոչարյանի անուններով։

Հուշաքարերի բացմանը ելույթով հանդես եկան Հանրային հեռաձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, խորհրդի անդամ Վարուժան Օլքինյանը, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը։

Արա Շիրինյանի խոսքերով՝ գունավոր հեռուստատեսության գյուտի հեղինակ Հովհաննես Ադամյանը շատ կապված է եղել Հայաստանի և հայկական մշակույթի հետ, և որոշել էր իր գլխավոր գյուտը գրանցել Երևանում։ 1925 թ․հատուկ գալով Լենինգրադից Երևան՝ Ադամյանը պետական համալսարանում կատարել  է մի լսարանից մյուսը գունավոր պատկերի փոխանցման՝ աշխարհում առաջին գիտական փորձը, որպեսզի հենց Երևանից տարածվի այդ լուրը։

Եթե Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության հիմնադիրն է, ապա Սուրեն Քոչարյանը «գունավոր ռադիոյի» հիմնադիրն է․ այպես նրան բնորոշեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը։

«Երբ Սուրեն Քոչարյանը նույնիսկ բեմում էր լինում, այլ ոչ ձայնագրման տաղավարում, նրա ելույթը միևնույն է, խորապես ռադիո էր հիշեցնում», – իր ելույթում նշեց Գարեգին Խումարյանը։

Անդրադառնալով Թբիլիսիում ապրած իր տարիներին՝ Հանրային հեռաձակողի խորհրդի անդամ Վարուժան Օլքինյանը նշեց, որ անձամբ է լսել, թե ինչպես է Քոչարյանը երկու օր անընդմեջ վրացական հեռուստատեսությամբ վրացերեն անգիր ընթերցել Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»․ –« Ամբողջ Վրաստանը ցնցված էր․ հայը եթերում կարդում է վրացերեն «Վագրենավորը» և առանց թղթի»։

Հուշաքարերի բացման առիթով Հանրային ռադիոն թողարկել է նաև «Սուրեն Քոչարյան․ Ընտրանի» ձայներիզը, որտեղ ասմունքող Սուրեն Քոչարյանի ձայնով հնչում են Թումանյան, Սայաթ-նովա, Սահյան, Տերյան, Կապուտիկյան, և իհարկե հեքիաթներ։

Հուշաքարերի բացմանը ներկա էին հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի, մշակույթի անվանի գործիչներ։

Նույն օրը Հանրային հեռարձակողների խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հուշանվերներ հանձնեց խորհրդի նախկին անդամներին՝ հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մասնագիտական և անձնական ներդրման համար։ Հուշանվեր հանձնվեց նաև երգիչ, պրոֆեսոր, ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։