Հանրային hեռարձակողի խորհուրդը պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրությանը

 Հանրային hեռարձակողի խորհուրդը պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրությամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերությանը և Հանրային հեռարձակողի խորհրդին՝ որպես «հրատապ հարց» պարզաբանումներ պահանջելով «Լուրեր» ծրագրի թողարկումներում Պաշտպանի հրապարակումները անտեսելու և դրանք չլուսաբանելու հարցով։

ՀՀ Հանրային հեռարձակողի խորհուրդը ուսումնասիրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրությունը, ՄԻՊ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, պարզաբանումներ է ստացել Հանրային հեռուստաընկերությունից և հարկ է համարում հայտնել հետևյալը։

1․Հանրային հեռուստաընկերությունն իր լիազորությունների շրջանակում և օրենքի պահանջներին համապատասխան՝ պատրաստում և հեռարձակում է բազմազան թեմատիկ հաղորդումներ, նպատակ ունենալով առավելագույնս բավարարելու հանրության տարբեր շերտերի և սոցիալական խմբերի հեռուստատեսային պահանջմունքները, միաժամանակ ապահովելով հանրության՝ տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը։

2․Մասնավորապես, «Լուրեր» ծրագիրը տեղեկատվություն է մատուցում հայ հասարակությանը, առանձնացնելով, խմբագրության կարծիքով՝ օրվա գլխավոր իրադարձությունները։ Որպես Հանրային հեռուստաընկերության տեղեկատվական ծրագիր, «Լուրերն» ունի հավելյալ պարտավորությունները՝ և՛ օրենքով սահմանված, և՛ հանրության առաջ կամավոր ստանձնած։ Այս պարագայում, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չէր կարող տեղ չգտնել Հանրային հեռուստաընկերության լրատվության մեջ։ Հասկանալի է սակայն, որ ամբողջ աշխարհում ընդունված լրատվության ձևաչափը (news) չի ենթադրում որևէ մարմնի գործունեության ամբողջական լուսաբանում։

3․Այսուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները, տարեկան հաղորդումներն ու զեկույցները (այդ թվում՝ միջազգային կառույցներին հասցեագրված) պարբերաբար լուսաբանվել են «Լուրերի» եթերում և/կամ ինտերնետ հարթակներում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հրավիրվել է հարցազրույցի «Առաջին ալիքի» ամենադիտվող (prime-time) ժամերին։ (Տեսնել ցանկը

Այսպես, 2020 և 2021 թվականներին «Լուրեր» ծրագիրը լրատվական տարբեր ձևաչափերով 140 անդրադարձ է ունեցել ՄԻՊ-ի գործունեությանը։ Միայն 2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ 3 անգամ հրավիրվել է հարցազրույցի՝  «Առաջին ալիքի» ամենավարկանիշային հասարակական-քաղաքական հաղորդմանը («Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ»)։ Վստահաբար կարելի է ասել, որ «Առաջին ալիքը», հայաստանյան մյուս հեռուստաալիքների համեմատ, ամենաշատն է անդրադարձել ՄԻՊ-ի գործունեությանը։

4․ՄԻՊ-ի հայտարարության մեջ նշված է, որ «հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում» ՄԻՊ-ի արձանագրած խնդիրները չեն լուսաբանվել,  «չեն պատրաստվել խնդիրները բազմակողմանի ներկայացնող տեսանյութեր»։

Այստեղ կա որոշակի շփոթություն։ Հանրայինը հատուկ ուշադրություն է հատկացնում հենց այս խնդիրներին իր մի քանի հաղորդաշարերում  և թոք-շոուներում («Ճիշտ ժամանակին», «Մեկ պատուհան», «Հանրային քննարկում», թեմատիկ հարցազրույցներ)։  Այս հաղորդումներում Հանրայինը ոչ միայն արձանագրում է մարդու իրավունքների խախտման առանձին դեպքեր, այլև շատ ավելի մատչելի հեռուստատեսային ձևաչափերով վերհանում է հանրությանը հուզող համակարգային խնդիրները ՝ բանավեճի հրավիրելով շահառուներին և պատասխանատուներին, տրամադրելով փորձագիտական կարծիք, առաջարկելով լուծումներ։ Այս իմաստով, հեռուստատեսային պրակտիկան տալիս է խնդիրների վերաբերյալ շատ ավելի լայն պատկեր, քան ՄԻՊ-ի արձանագրումներն են։

Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով Հայաստանում զբաղվում են պետական և հանրային շատ հաստատություններ, օրինակ՝ դատարանները, ոստիկանությունը, սոցիալական ապահովության կառույցները, տեսչական մարմինները, իրավապաշտպան ՀԿ-ները և այլն։ Այս ամենը նույնպես լուսաբանվում է «Լուրերով», և ՄԻՊ-ի գործունեությունը ակնհայտորեն միակը չէ՝ Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ 

5․Շարունակելով փաստարկները, Արման Թաթոյանը գրում է, որ «Լուրերը» չեն լուսաբանում Պաշտպանի հատկապես այն հայտարարությունները,  «որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին»։

Իրականում ՄԻՊ-ի զեկույցները այդ թեմայով լուսաբանվել են «Լուրերում» բավական հաճախ։ Ահա միայն մի քանի օրինակ.(https://youtu.be/FyyEra-LWb8), (https://youtu.be/gnXQuvgmZcg),(https://bit.ly/3qUbaZC),(https://bit.ly/354r7VP), (https://youtu.be/BbJuoL9fUKI):                                  

Իսկ այս ռեպորտաժում (https://youtu.be/JoqqmI62MHY 20՛02՛՛-ից) ներկայացվում է, թե «ինչ լուծումներ է առաջարկում ՄԻՊ-ը», որոնք իր կարծիքով երբեք չեն լուսաբանվել։                                                                                           

Այս մեկն էլ (https://bit.ly/3HLzMe6) «Լուրերի» գրավոր հրապարակում է, որն ամբողջությամբ վերցված է ՄԻՊ-ի կայքից, ինչը վկայում է, որ Պաշտպանի տեսակետները, «որպես Կառավարության տեսակետին այլընտրանք», լուսաբանվել են նույնիսկ առանց տեղեկատվական առիթի և իրադարձության։

6․Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ՄԻՊ-ի գործունեության առանձին դրվագներ Պաշտպանն իրավացիորեն կարող է համարել ավելի խոր և հանգամանալից լուսաբանման արժանի, սակայն ՄԻՊ-ը երբևէ չի դիմել նման առաջարկներով։

Հանրային հեռուստաընկերության հետ չհամագործակցելու՝ Արման Թաթոյանի սկզբունքը թույլ չի տվել նրան նույնիսկ դիմել հեռուստաընկերությանը անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար, որը կտրամադրվեր առաջին իսկ պահանջի դեպքում և կարիք չէր առաջանա մշտադիտարկել «Լուրերի» 24-ժամյա եթերը։

7․Պաշտպանը մեղադրում է «Լուրերին» այն բանի համար, որ խմբագրությունը հրապարակել է, օրինակ, ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները, որոնք հերքում են Պաշտպանի հայտարարությունները (https://bit.ly/3rvXFQ0):Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրությունների հեռարձակումը Հանրայինի համար օրենքի պահանջ է։ Միաժամանակ, ՄԻՊ-ի փաստահավաք գործունեությամբ ձեռք բերված տվյալները նույնպես համարվում են արժանահավատ։  Այստեղ կա զգայուն հարցի վերաբերյալ տարբեր տեսակետների հակադրություն, որը «Լուրերի» խմբագրությունը օբյեկտիվորեն չի կարող ստուգել, բայց և պարտավոր չէ երկուսն էլ հաղորդել՝ հակասելով ինքն իրեն։ Հետևաբար, խմբագրությունն ինքն է ընտրում իր կարծիքով առավել արժանահավատ տեղեկատվության աղբյուրը, քանի որ գործ ունի զանգվածային ընկալումների հետ և պատասխանատու է հրապարակման հետևանքների համար։  ՄԻՊ-ի արձանագրումները և «Լուրերի» լուսաբանումը չեն կարող նույնացվել, դրանք տարբեր խնդիրներ են լուծում։

8․Նամակում նշվում է, որ «լուսաբանման անտեսումը հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել  նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում (օրինակ, հանրային իրազեկումներով ատելության խոսքի դեմ պայքարը)»:

Ահա այդ թեմայով «Լուրերի» անդրադարձը ՄԻՊ-ի հանրային իրազեկմանը․ (https://youtu.be/NQweJ-Rt4Fc, 1․02․2021/21։00 ~ 19՛45՛՛-ից․ «Ատելության և բռնության կոչերը դատապարտելի են ՄԻՊ»):

Սակայն, թույլ տվեք հիշեցնել, որ ատելության խոսքի դեմ պայքարում Պաշտպանը հնարավորություն ուներ գործնականում աջակցել Հանրային հեռուստաընկերությանը 2021թ․ հունիսի 12-ին, երբ հեռուստաընկերությունը դիմեց ՄԻՊ-ին նախընտրական հոլովակում հայհոյանքը  սահմանափակելու  հարցով։  Այն ժամանակ Արման Թաթոյանը պատասխանեց, որ չի պաշտպանում Կառավարության հիմնած հեռուստաընկերությանը քաղաքական կազմակերպություններից։ Մինչդեռ ՄԻՊ-ը պարտավոր էր դիտարկել Հանրայինի  դիմումը, քանի որ Հանրայինը կարծիք էր հայցում ոչ թե իր համար, այլ «հանրային նշանակություն» ունեցող հարցի վերաբերյալ, ինչը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում հստակ նշված է որպես դիմումն ընդունելու պատշաճ հիմնավորում (ՄԻՊ-ի մասին ՀՀ Օրենք, 15-րդ Հոդված, 1-ին մաս, 2-րդ կետ)։

9․Նամակում ասվում է, որ 2021 թ․ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը «Լուրերով» «եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակը թաքցնող ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը»:

Այս պնդումը չունի որևէ ապացուցողական հիմք։ «Լուրերն» այդ ժամանակահատվածում տասնյակ սեփական ռեպորտաժներ է պատրաստել սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Ահա դրանցից մեկը՝ (https://youtu.be/eFsMbpEbTEc, 2.12.2021 «Ո՞նց ա Ճակատենում ճամփեքը փակելուց հետո»)։                                                                   

Նման մեղադրանք ներկայացնելիս, անհրաժեշտ է ստույգ նշել, թե տեսանյութի որ նախադասությունը, միտքը, պատկերը, կամ ուղիղ խոսքն է արտահայտում խեղաթյուրված փաստ կամ հակադրվում ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը։

10․Այստեղ կարիք կա կրկին հիշեցնելու, որ ամիսներ առաջ ՄԻՊ-ը տարածել էր նույնանման հայտարարություն (https://bit.ly/3KGqGBA) «Լուրերի» պատրաստած ռեպորտաժի մասին (https://youtu.be/U0sCZ01l6Zk, 30․05․2021 «Հայկական և ադրբեջանական անկլավների հարցի իրավական և քաղաքական բաղադրիչը»): Այդ հայտարարության մեջ Պաշտպանը  լրագրողի «շեշտադրումներում»  արձանագրել էր մարդու իրավունքների խախտում։ Հանրային հեռարձակողի խորհուրդն արձագանքեց  Պաշտպանի հայտարարությանը, համարելով, որ դա միջամտություն է լրատվամիջոցի գործունեությանը, քանի որ մեղադրանքը անտեսում էր լրատվամիջոցի և լրագրողի գործունեության բնույթն ու նպատակները։ Այս հարցի վերաբերյալ փորձագիտական կարծիք տվեց նաև ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմինը (https://bit.ly/3qLXXDi), որում նշված էր, որ «առանց ապացուցողական հիմքերի ՄԻՊ-ի կողմից նման ենթադրությունների հրապարակային տարածումը խնդրահարույց է և ռիսկեր է պարունակում՝ թեմայի վերաբերյալ հանրությանը համարժեք իրազեկելու տեսակետից»։

Ակնկալել, որ «Լուրերի» լրագրողները սեփական ռեպորտաժներում իրականությունը կներկայացնեն Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից, օբյեկտիվորեն անհիմն է: 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՈՒՐԴ