ԵՀՄ գլխավոր տնօրենը հյուրընկալվեց Հանրային հեռարձակողի խորհրդում

 ԵՀՄ գլխավոր տնօրենը հյուրընկալվեց Հանրային հեռարձակողի խորհրդում

Նոյեմբերի 21-ին Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) գլխավոր տնօրեն Նոել Կուրանը Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում հյուրընկալվեց Հանրային հեռարձակողի խորհրդում, որտեղ հանդիպեց Խորհրդի անդամների, Խորհրդի աշխատակազմի, Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի տնօրենների հետ։

Հանդիպման ժամանակ ներկաները քննարկեցին Հայաստանում հանրային հեռարձակողների ունեցած վերջին ձեռքբերումներն ու առաջընթացը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին առկա մարտահրավերների և դրանք լուծելու հարցում եվրոպական փորձի կիրառման շուրջ։ Կուրանը կիսվեց իր դրական տպավորություններով՝ առանձնացնելով հատկապես թվային գործընթացների և նորարարության կարևորությունը և այս ուղղությամբ Հանրայինի կատարած տպավորիչ աշխատանքը։ Քննարկվեցին հանրային հեռարձակողներին վերաբերող ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական, ֆինանսական և կառավարման հարցեր։ Կուրանը հայ գործընկերներին ներկայացրեց ԵՀՄ գործունեության հիմնական ուղղությունները։

Կուրանը Հայաստանում է Հանրային հեռուստաընկերության հրավերով․ այցի նպատակը՝ հանրային հեռարձակողներին աջակցություն ցույց տալն է։ Նոյեմբերի 20-ին Կուրանը շրջայց է կատարել Հանրային հեռուստաընկերությունում, ծանոթացել հայկական հեռուստատեսության պատմությանը, իրականացված բարեփոխումներին, Առաջին ալիքի և Առաջինի լրատվական ալիքի տեխնիկական վերազինման աշխատանքներին և զարգացման առաջիկա ծրագրերին: Այցի շրջանակներում  ստորագրվել է համաձայնագիր՝ Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի և ԵՀՄ ակադեմայի միջև գործակցության վերաբերյալ: Այս համաձայնագիրը թույլ կտա Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին և Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի ուսանողներին վերապատրաստվել ԵՀՄ ակադեմիայի մասնագետների մոտ։ Նոյեմբերի 21-ին ԵՀՄ գլխավոր տնօրենն այցելել է նաև Հանրային ռադիո, շրջայց կատարել ռադիոյի տաղավարներով, ծանոթացել ռադիոյի պատմությանը, արխիվին, մշակութային ժառանգության պահպանման հարցում ունեցած դերին։

Նոյեմբերի 21-ին, ԵՀՄ գլխավոր տնօրենը հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետը կարևորել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության միջև սերտ համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը: Կուրանը նշել է, որ ԵՀՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ սերտ համագործակցությամբ և պատրաստ է նպաստել վերջինիս զարգացմանն ու կարողությունների ընդլայնմանը: