Նվիրյալների ճեմուղում նոր պատվո քարեր ավելացվեցին

 Նվիրյալների ճեմուղում նոր պատվո քարեր ավելացվեցին

Սեպտեմբերի 15-ին Ռադիոտան Նվիրյալների ճեմուղում նոր պատվո քարեր ավելացվեցին երգիչ–բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի և հեռուստառեժիսոր Սուրեն Ռշտունու անուններով։

«Հայրիկ Մուրադյանը 20րդ դարի երկրորդ կեսին նորովի բացահայտեց  հայ երգի շունչը, ազգակերտող հատկությունը։ Սովետական Հայաստանի այն տարիների պայմաններում Հայրիկի գործը որոշիչ դեր խաղաց ազգային ինքնության պահպանման համար, և ես համոզված եմ, որ այն օրը, երբ Հայրիկ Մուրադյանը ձայնագրվեց Ռադիոտան ստուդիայում և այդ ձայնը հնչեց հայկական եթերում, այդ օրվանից հայ երգը  և հայ մարդն անբաժան են։ Մենք ոչ միայն սիրեցինք Հայրիկի երգերը, այլև նրա շնորհիվ ճանաչեցինք ինքներս մեզ, մեր արմատները։ Մեզ համար մեծ պատիվ է զետեղել Հայրիկ Մուրադիանի հուշաքարը Ռադիոտան հովանու ներքո», – իր ելույթում նշեց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

«Հայրիկ Մուրադյանի դեպքում քարին դաջված անունն է պատիվ բերում այս փողոցին, հարևան շենքին, երկրին և քաղաքին: Նրա աշխատանքային գրքույկում անպայման գրված էր լինելու ազգային ինքնության ճարտարապետ», - իր խոսքում նշեց Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը:

Անդրադառնալով Սուրեն Ռշտունու անցած մասնագիտական ուղուն՝ Արա Շիրինյանը նշեց, որ Սուրեն Ռշտունին պատկանում է հեռուստատեսության ռեժիսորների այն սերնդին, որոնց շնորհիվ հեռուստատեսությունն առաջին անգամ խոսեց սեփական արտահայտչալեզվով։

«Այդ սերնդի ռեժիսորները չեկան կինոյից կամ թատրոնից, գրականությունից կամ կերպարվեստից , այլ թրծվեցին հենց հեռուստատեսության ներսում, արտադրության մեջ և դրանով իսկ կայացրեցին հեռուստատեսությունը որպես ինքնուրույն արվեստի ճյուղ», – ասաց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը։

Սուրեն Ռշտունու մասին ելույթով հանդես եկավ նաև Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Հարություն Սեմերջյանը։

Հուշաքարերի բացմանը ներկա էին հայկական ռադիոյի և հեռուստատեսության, մշակույթի անվանի գործիչներ, Հայրիկ Մուրադյանի և Սուրեն Ռշտունու աշակերտները, ընտանիքի անդամներ, ընկերներ։