Հանրային ռադիոյի «Նվիրյալների ճեմուղում» բացվեց Սուրեն Բաղդասարյանի պատվո հուշաքարը

 Հանրային ռադիոյի «Նվիրյալների ճեմուղում» բացվեց Սուրեն Բաղդասարյանի պատվո հուշաքարը

Նոյեմբերի 3–ին Հայաստանի Հանրային Ռադիոյի Նվիրյալների ճեմուղում նոր պատվո հուշաքար ավելացվեց՝ մարզական մեկնաբան և լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Սուրեն Բաղդասարյանի անունով։

Սուրեն Բաղդասարյանի՝ մարզական մեկնաբանի կարիերան սկսվել է 1971 թվականին՝ ԽՍՀՄ բարձրագույն լիգայի «Արարատ» – «Պախտակոր» ֆուտբոլային խաղից։ Հենց նրա հաղորդմամբ են հնչել հայկական ֆուտբոլի պատմության մեջ լեգենդար համարվող «Արարատ»-ի բոլոր խաղերի ռեպորտաժները հայկական ռադիոյով։ Սուրեն Բաղդասարյանը շուրջ քսան տարի աշխատել է Հայաստանի պետական, այնուհետև՝ հանրային ռադիոյում և հեռուստատեսությունում, լուսաբանել է Օլիմպիական խաղեր, աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, բազմաթիվ միջազգային մրցաշարեր։ 1996 թ. մինչ օրս`«Ֆուտբոլ +» թերթի հիմնադիրն է և գլխավոր խմբագիրը։

Հուշաքարի բացմանը ելույթ ունեցավ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։ Նա իր խոսքում առանձնացրեց հեռուստատեսության լրատվությունում սպորտային իրադարձությունների տեղ գտնելու նորարարության մեջ Սուրեն Բաղդասարյանի ունեցած դերը։ Հենց Բաղդասարյանի մեկնաբանությամբ Լրաբեր հաղորդաշարի վերջում հայտնվեցին սպորտային լուրերը։ Խոսելով արդեն անկախ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի մեկնաբանության մասին՝ Արա Շիրինյանը նշեց․ «Իր ֆուտբոլային գիտելիքներով, իր դրական էմոցիաներով Սուրեն Բաղդասարյանը մեզ էր փոխանցում մեր ֆուտբոլային ակումբի հաղթանակների բերկրանքը և հպարտությունը, իսկ երբ մեր թիմը պարտվում էր, Սուրեն Բաղդասարյանը գտնում էր նաև այն ճիշտ բառերը և ինտոնացիան, որոնք իրենց մեջ պարունակում էին ապագա հաղթանակների խոստումը»։

Հուշաքարի բացմանը ներկա էին լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, սպորտի և ոլորտի ներկայացուցիչներ։