«Հանրային դաս» նոր նախագիծն Առաջին ալիքի եթերում. Հանրային հեռուստաընկերությունը վերակազմակերպել է եթերացանցը

 «Հանրային դաս» նոր նախագիծն Առաջին ալիքի եթերում. Հանրային հեռուստաընկերությունը վերակազմակերպել է եթերացանցը
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ Հանրային հեռուստաընկերությունը սկսել է «Հանրային դաս» նոր նախագիծը՝ կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակում դպրոցականների համար հանրային և հեռավար տեսադասերի ապահովման նպատակով:
 
«Հանրային դաս» նախագիծը Հանրայինի եթերում կլինի մարտի 19-ից ամեն առավոտ՝ 08:30-ից: Հեղինակավոր մասնագետներն ու փորձառու ուսուցիչներն Առաջին ալիքի եթերում կդասավանդեն քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, հայոց լեզու և գրականություն: Կլինեն նաև մեդիագրագիտության, հասարակագիտության և ֆինանսական գրագիտության տեսադասեր:
 
Հանրային հեռուստաընկերությունը եթեր է վերադարձրել նաև «Բաց դաս» նախագիծը, որն ամեն աշխատանքային օր 11:30-ից ավագ դպրոցների բնագիտական դասարանների աշակերտներին կապահովի քիմիայի և ֆիզիկայի տեսադասերով:
Նման ճգնաժամային իրավիճակում Առաջին ալիքի եթերացանցի փոփոխությունը դպրոցականներին ուսումնական գործընթացին մոտ պահելու նպատակ ունի: