Արա Շիրինյանը մասնակցել է ԱՊՀ պետական և հանրային հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի նիստին

 Արա Շիրինյանը մասնակցել է ԱՊՀ պետական և հանրային հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի նիստին

Սեպտեմբերի 15-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը մասնակցել է ԱՊՀ պետական և հանրային հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի և Միջպետական տեղեկատվական ֆոնդի վարչական խորհրդի համատեղ նիստին, որը կայացել է հեռավար՝ տեսակապի միջոցով։ Նիստին, որի ժամանակ ամփոփվել են անցնող տարվա համատեղ միջոցառումներն և քննարկվել են 2023 թվականին նախատեսված անելիքները, մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։

Իր ելույթում Արա Շիրինյանը ներկայացրել է ԱՊՀ երկրների հեռուստատեսային և այլ ընկերությունների հետ համագործակցությունը։ Մասնավորապես, նշվել է «Սպասիր ինձ» միջազգային համատեղ (Ռուսաստան, Ղազախստան,Բելառուս և այլն) նախագծի իրականացման հայկական տարբերակի երկարամյա հաջողությունն ու բարձր դիտելիությունը։

Նիստի մասնակիցներին են ներկայացվել հեռուստատեսային ոլորտում մի շարք այլ համագործակցության օրինակներ։ 2022 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ռուսաստանի պետական հեռուստառադիոընկերությունից (ՎԳՏՌԿ) ձեռք է բերել «Աննա Կարենինա» 8-մասանոց հեռուստասերիալի թարգմանության և ցուցադրման իրավունքը, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայից «Նու պոգոդի» սերիալի և մի շարք այլ մուլտֆիլմերի ցուցադրման իրավունքները։

2021 թվականին ձեռք է բերվել ռուսական Առաջին ալիքի արտադրության «Մարշալ Բաղրամյան․Սեր կրակի գծում», «Շառլ Ազնավուր․Կյանքը սիրո հորձանոտում», «Այվազովսկի․Ալիքի կատարին» և այլ հայ վաստակավոր գործիչների մասին փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրման իրավունքը։ Փոխադարձաբար ՎԳՏՌԿ-ին է տրամադրվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության արխիվում պահվող աշխարհահռչակ խորհրդային ֆիզիկոս, Աբրահամ Ալիխանովի մասին պատմող «Աբրամ Ալիխանով․Գիտության նվիրյալը» ֆիլմը։

Անդրադառնալով այն փաստին, որ 2022 թվականը հայտարարված էր ԱՊՀ անդամ երկրների ժողովրդական ստեղծագործության և մշակութային ժառանգության տարի, Արա Շիրինյանը մասնակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը և աղավաղմանն ուղղված պետական քաղաքականությունը՝  նշելով համամարդկային արժեքներին, պատմության և գիտական փաստերին հավատարիմ մնալու  հեռուստառադիոընկերությունների բարոյական պարտավորությունը՝ տեղեկատվական քաղաքականության տեսանկյունից։