Հայաստանի հանրային ռադիոն բարեփոխումներից զատ աջակցում է Արցախի հանրային ռադիոյի տեխնիկական և բովանդակային վերազինմանը

 Հայաստանի հանրային ռադիոն բարեփոխումներից զատ աջակցում է Արցախի հանրային ռադիոյի տեխնիկական և բովանդակային վերազինմանը

Վերջին ամիսներին Հայաստանի հանրային ռադիոյում մի շարք տեխնիկական, բովանդակային և ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացվել։ Մասնավորապես, Հանրային ռադիոյի 1-ին ալիքում կրկնապատկվել է լրատվական հաղորդումների ծավալը, վիզուալացվել է 1–ին և 2-րդ ալիքների հաղորդումների զգալի մասը, սկսվել է նաև ադրբեջաներեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ռուսերեն և անգլերեն վիդեոարտադրություն։

Հանրային ռադիոյի կայքը, որը հասանելի է 12 լեզուներով, հատկապես վերջին շրջանում ծառայում է որպես մեր երկրի ամենաբազմալեզու տեղեկատվական ռեսուրսը՝ սոցցանցերում ապահովելով լուրերի պատշաճ մատուցումը Հայաստանից։ Եռապատկվել է Ադրբեջանում, Թուրքիայում և Իրանում AM ազդակի սփռման գոտին, քառապատկվել է հայ–թուրքական սահմանի Շիրակի հատվածում Հանրային ռադիոյի 1-ին ծրագրի ազդակի հզորությունը։

Ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում ներդրվել է ներքին պարետատան ինստիտուտը՝ հավանական ռազմական դրության ժամանակ գործելու համար։ Հանրային ռադիոյում ստեղծվել է նաև մասնագիտական որակավորման բարձրացման դպրոց:

Այս օրերին Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցները համագործակցում են Արցախի գործընկերների հետ․վերջերս Արցախ կատարված այցի ընթացքում քննարկվել են Արցախի հանրային ռադիոյի տեխնիկական վերազինման, եթերացանցի և կառուցվածքային փոփոխությունների հետ կապված հարցեր։ Հայաստանի հանրային ռադիոն ևս հյուրընկալել է արցախցի գործընկերներին՝ մասնագիտական վերապատրաստման նպատակով։ Մինչ օրս Արցախի հանրային ռադիոն հեռարձակվում էր Հայաստանի հանրային ռադոյի հաճախականությամբ՝ օրական 5 ժամ եթերով։ Համագործակցության շնորհիվ Արցախի հանրային ռադիոն արդեն սեպտեմբերի մեկից կունենա 24-ժամյա եթեր՝ առանձին հաճախականությունով։