Հանրային հեռուստաընկերության Լրատվական ծառայության կայքի ռուսերեն բաժնի այցելուների թիվը 10 օրում հասել է 85000-ի

 Հանրային հեռուստաընկերության Լրատվական ծառայության կայքի ռուսերեն բաժնի այցելուների թիվը 10 օրում հասել է 85000-ի

Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը, Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմով պայմանավորված, նախատեսվածից շուտ գործարկեց Լրատվական ծառայության կայքի ռուսերեն բաժինը, ինչպես նաև ռուսերեն բաժնի ֆեյսբուքյան էջը։

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 16-ը ֆեյսբուքյան էջի լսարանային ծածկույթը հասել է 1,171.121-ի: Լսարանի ներգրավվածությունը կազմում է՝ 472,789, էջը հավանողների թիվը 1495 է, իսկ հետևորդների թիվը՝ 5146: Google որոնողական համակարգի վերլուծական գործիքների ուսումնասիրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում Լրատվական ծառայության կայքի ռուսերեն բաժինն ունեցել է գրեթե 85000 այցելու։

Հատկանշական է, որ կայքի այցելուների գերակշիռ մասն Ադրբեջանից են (ըստ երկրների, նվազման կարգով՝ Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիա, Վրաստան)։ Հաշվի առնելով ՌԴ-ում ադրբեջանական մեծ համայնքի առկայության փաստը՝ կարելի է ենթադրել, որ այնտեղից կայքի այցելուների մեծամասնությունը ևս ադրբեջանցիներ են։ Հրապարակումները հիմնականում ակտիվ մեկնաբանում են ադրբեջանցի օգտատերերը, երկրորդ տեղում են հայ օգտատերերը։

Հանրային հեռուստաընկերության Լրատվական ծառայության կայքի ռուսերեն բաժնի օգտատերերն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Արցախյան պատերազմի մասին օտարազգի փորձագետների վերլուծությունների (հիմնականում՝ վիդեո տարբերակով), սահմանի և անմիջականորեն Արցախի բնակավայրերի մասին պատմող ռեպորտաժների հանդեպ։ Առանձնահատուկ ուշադրության են արժանանում ՌԴ պաշտոնատար անձանց մեկնաբանությունները և արձագանքները։

Ի դեպ, ռուսերեն բաժնում և ֆեյսբուքյան էջում տեղ են գտել ինչպես հայերեն բաժնի նյութերի թարգմանված տարբերակները, այնպես էլ հեղինակային նյութեր և հրապարակումներ, որոնք հասանելի են միայն նշված բաժնում։