ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

խորհրդի անդամ

Գրող, հրապարակախոս, խմբագիր, Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանը ծնվել է 1948թ. նոյեմբերի 29-ին Ջավախքի Գոման գյուղում Վրաստանի Ախալքալաքի շրջանում (ծագումով Էրզրումցի Իշխան Վարդան Շահ-Պարոնյանի թոռն է մայրական կողմից):

Ավարտել է Զակ գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը և միաժամանակ Ջավախքի Սուլդա գյուղի դպրոցում աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

Մեկ տարի անց տեղափոխվել է նույն ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը (ցերեկային) ու ավարտել 1973թ-ին:

1973 թ-ին աշխատանքի է հրավիրվել, Վարդգես Պետրոսյանի կողմից, «Գարուն» ամսագրում, սկզբից` գրական աշխատող, հետո` բաժնի վարիչ, ապա` գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1986-90թթ-ին նույն ամսագրի գլխավոր խմբագիր: Նրա խմբագրության տարիներին Գարունը 56 000 տպաքանակից հասավ 130 000-ի:

1988 թ. հիմնադրել է «Ջավախք» հայրենակցական միությունը և ղեկավարել հինգ տարի:
Մերուժան Տեր-Գուլանյանը 1990թ-ին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, լրատվության մշտական հանձնաժողովի նախագահ, միաժամանակ` Գերագույն Խորհրդի նախագահության անդամ:

1995-1999 թթ. դարձյալ ընտրվում է Ազգային Ժողովի պատգամավոր ու գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Նա այդ տարիների ընթացքում հեղինակել և ներկայացրել է «Մամուլի մասին» ՀՀ օրենքը, «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքը, «Ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև՝ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ:

1997 թ. հիմնադրել է Հանրապետության առաջին «ԱՐ» անկախ հեռուսաընկերությունը` հանդիսանալով հիմնադիր-նախագահ: Մինչ այդ հիմնադրել է նաև «Ար», «Հանրապետություն», «Ասպնջակ» անկախ շաբաթաթերթերը:

Խորհրդային շրջանում 1978 թ-ին Մերուժան Տեր-Գուլանյանին շնորհվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակի դափնեկրի պատվավոր կոչում` «Մոտեցող օվկիանոսը և հեռացող մարդիկ» վավերագրական վիպակի համար, իսկ 1980թ-ին` Գրողների միության Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ` «Արարատյան երկիր» էսսեի համար:

1993 թ-ին. Մերուժան Տեր-Գուլանյանն արժանացել է ԱՄՆ-ի Լուիզանա նահանգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման` «Գարուն» ամսագրի գործունեության տարիներին մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանելու համար: Իսկ 1999թ. պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով` հրապարակախոսական և հասարակական լայն գործնեության ու երիտասարդ ստեղծագործողներին մեկենասության համար:

2010 թ-ին. «Նարցիս» գրական ամսագիրը տարվա լավագույն արձակ ստեղծագործության համար մրցանակը շնորհել է Մերուժան Տեր-Գուլանյանին:

2011 թ-ին Աշխարհի միջազգային, համամարդկային ֆոնդի կողմից արժանացել է «Элита мира» շքանշանին` հասարակական և գրական լայն գործունեության և տաղանդավոր երիտասարդներին ստեղծագործական ճանապարհ հարթելու ու հովանավորելու համար:

Իսկ 2013թ-ին նախագահ Ս. Սարգսյանի կողմից արժանացել է Մովսես Խորենացի շքանշանի:

  • 1978 թ-ից Գրողների միության անդամ է և ինը գրքի և «Սաղամո լիճը» էսսեի հեղինակ.
  • 1978 թ., «Մնացող հողն ու գնացող մարդիկ»
  • 1983 թ., «Страна мужчин» հարյուր հազար տպաքանակով Մոսկվա
  • 1982 թ., «Զրո ժամ»
  • 1995 թ., «Գիշերային վարդ»
  • 2001 թ., «Ջավախք` հավերժական հայրենիք»
  • 2003., «Ցավի որսորդը»

1979 թ-ին թիվ յոթ «Дружба народов» ամսագրում Հրանտ Մաթևոսյանի առաջաբանով տպագրված պատմվածքների շարքը նույն տարում թարգմանվել է քսանմեկ լեզուներով՝ արժանանալով ամսագրի՝ «Տարվա լավագույն պատմվածքներ» մրցանակին: Հանրապետության և այլ երկրների պարբերական մամուլում տպագրված ավելի քան հինգ հարյուր պատմվածքների, էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

2006-2009 թթ-ին «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր:

Իսկ 2009-2011թթ-ին աշխատել է Հանրային հեռուստատեսության «Արարատ» հեռուստաալիքի տնօրեն: 2011 թ-ի մարտ ամսից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է:

2013 թվականին ստեղծել է «ԱՆԴԻՆ» գրական-գեղարվեստական-հասարակական-քաղաքական ամսագիրը, որը շարունակում է խմբագրել մինչ օրս:

Ամսագիրը այսօր էլ հասարակության ուշադրության կոնտրոնում է:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի չորս զավակ և յոթ թոռ: