ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

խորհրդի անդամ

Ստեփան Հրաչիկի Զաքարյանը ծնվել է 1957 թ. հուլիսի 18-ին Երևանում։

1974 թ. ավարտել է Եղիշե Չարենցի անվ. անգլիական թեքումով դպրոցը և ընդունվել Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին, կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի կուրսը։

1978 թ. ավարտել է ինստիտուտը և գործուղվել Հրազդանի շրջան՝ թե որպես շրջանային ժողովրդական թատրոնի ռեժիսոր, թե որպես Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, դասավանդել է մինչև 1983 թ.։ Հրազդանի Ժողովրդական թատրոնում պիեսի է վերածել և բեմադրել Հրաչյա Քոչարի «Կարոտ» վիպակը։

1979-ից մինչև 1981 թ. պայմանագրային հիմունքներով ռեժիսորի ասիստենտ է աշխատել հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում։

1981-ից մինչև 1983 թ. աշխատել է «Պիոներ» ամսագրի խմբագրությունում՝ որպես գրական աշխատող, արձակի բաժնի պատասխանատու։

1983 թ. աշխատանքի է անցել «Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտե»-ում՝ նախ որպես խմբագիր, հետո բաժնի վարիչ, գործակալության պետի տեղակալ, գլխավոր խմբագիր։

1985 թ. լույս է տեսել «Իմ փողոցը, իմ լեռը» ժողովածուն, որի մեջ ներառված վիպակները մինչ այդ՝ 1979-83թթ-ին տպագրվել էին «Գարուն» ամսագրում։

1987 թ. Մոսկվայում ավարտել է հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցների վերպատրաստման դասընթացը։

Բազմաթիվ հաղորդաշարերի, ռադիոբեմականացումների, բեմադրությունների հեղինակ է, որոնցից են «Ձայն մեծաց»-ը, պետական մրցանակի ներկայացված «Սասնա Ծռեր» էպոսի բոլոր ճյուղերի բեմականացումը և այլն։ Ռադիոթատրոնում բեմադրվել են նրա «Խաչելություն», «Խոր Վիրապ», « ուղթ առ Փրկիչ» պիեսները։ Կոմիտասին նվիրված «Խաչելությունը» բեմադրվել և բազմիցս եթեր է հեռարձակվել հեռուստատեսությամբ։

Կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը նրա «Խոր Վիրապ» պիեսի հիման վրա է գրել իր «Գրիգոր Լուսավորիչ» օպերան։ Վերը թվարկված պիեսներն ընդգրվել են «Խոր Վիրապ» պիեսների ժողովածուում, որը լույս է տեսել 1995 թ.։

1993 թ. նշանակվել է «Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտե»-ի նախագահի տեղակալ, 1996 թ-ին «Հայաստանի ռադիոընկերության» գլխավոր տնօրեն։

1997-98 թթ-ին աշխատել է որպես Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ։

1999-2003 թթ-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է եղել «Միասնություն» դաշինքի կազմում։ Ընդգրկվել է պետական-իրավական մշտական հանձնաժողովում։

2003-2007 թթ-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է եղել «Արդարություն» դաշինքի կազմում։ Ընդգրկվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։

2000-2007 թթ-ին եղել է ՀԺԿ անդամ, ընտրվել կուսակցության վարչության քարտուղար։

2009 թ-ից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է, խորհրդի նախագահի տեղակալ։

Այժմ անկուսակցական է։

Հեռուստադիտողը նրան ճանաչում է «Զրույց» հաղորդաշարով, «Հայաստանի առեղծվածները», «Մատենադարան. ձեռագրերի գաղտնիքները» ֆիլմաշարերով։

Հայաստանի գրողների միության անդամ է։ Բացի գեղարվեստական ստեղծագործություններից հանրապետական մամուլում տպագրել է նաև բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, պամֆլետներ, հարցազրույցներ։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու և Ֆրիտյոֆ Նանսենի անվ. մեդալներով։

Ամուսնացած է, ունի չորս զավակ։