Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունը կհամագործակցեն

 Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունը կհամագործակցեն

Նոյեմբերի 14-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Արցախի հանրային հեռուստառադիոընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Հուշագիրը նպատակ ունի կողմերի համատեղ ջանքերով Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրական պահանջներին։

Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից մասնագիտական խորհրդատվության տրամադրում Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը, ինչպես նաև Արցախի հանրայինի մասնագետների վերապատրաստում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։

Հուշագրով Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության գործունեության բազմակողմանի ուսումնասիրություն իրականացնել, ինչը թույլ կտա պատրաստել բիզնես վերլուծություն՝ ներառելով առկա բոլոր մարտահրավերները, խնդիրներն ու դրանց համապատասխան լուծումները։