«Առաջին ալիք»-ի դիտողականության վերլուծություն

 «Առաջին ալիք»-ի դիտողականության վերլուծություն

Հայտնի են «Առաջին ալիք»-ի՝ 2019 թվականի երկրորդ եթերաշրջանի դիտողականության տվյալները։

Հիմնվելով «Ադմոսֆեր Արմենիա»-յի՝ թվային հեռուստատեսության լսարանի չափման ծրագրի, ինչպես նաև «Առաջին ալիք»-ի օնլայն հարթակների տվյալների վերլուծության վրա, կատարվել է հետազոտություն, ըստ որի 2019 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Առաջին ալիք»-ի եթերացանցում գերակշռել են սոցիալ-քաղաքական և պատմամշակութային հաղորդումները (17 տոկոս յուրաքանչյուրը), իսկ դրանց հաջորդում են ժամանցային և լրատվական հաղորդումները (15 և 11 տոկոս համապատասխանաբար)։

Կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտումների քանակով «Առաջին ալիք»-ն առաջատարն է․ «Առաջին ալիք»-ի ծրագրերի բազմազանության շնորհիվ այն դիտում են հասարակության գրեթե բոլոր շերտերը, ինչն էլ հանգեցնում է հեռուստաալիքի դիտողականության՝ 100 տոկոսին մոտ ցուցանիշի։

Հետազոտությունն անդրադառնում է նաև 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին «Առաջին ալիք»-ի օնլայն հարթակների վիճակագրությանը։ Նշված ժամանակահատվածում հետևորդների քանակը զգալիորեն ավելացել է «Առաջին ալիք»-ի բոլոր օնլայն հարթակներում։ Ակտիվ հետևորդների ամենամեծ խմբերում 18-24 և 25-34 տարեկան օգտատերերն են։

Ավելի վաղ կատարվել էր հետազոտություն 2019 թվականին «Առաջին ալիք»-ի գարնանային եթերաշրջանի դիտողականության վերաբերյալ։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին ևս «Առաջին ալիք»-ը դիտումներով առաջինն է եղել՝ 92, 18 տոկոս դիտողականությամբ։